ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ռուսաստանի մասով Ադրբեջանի լեզուն և ձեռքերը կապված էին այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը հայկական էր

Ռուսաստանի մասով Ադրբեջանի լեզուն և ձեռքերը կապված էին այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը հայկական էր
04.09.2025 | 11:00

Ռուսական մեդիան ու համացանցը չեն դադարում քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերություններն ու Ռուսաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահի պահվածքն ընդհանրապես: Մինչդեռ, տարօրինակ ոչինչ չկա. Ռուսաստանի մասով Ադրբեջանի լեզուն և ձեռքերը կապված էին այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը հայկական էր, իսկ Հայաստանի կառավարիչը Ալիևի վեցնոցը չէր:

Ռուսաստանում պետք է, որ լավ իմանային՝ Ադրբեջան պետությունը 1917-1918 թվականներին պատմության թատերաբեմ են արտաթորել օսմանցի թուրքերը՝ որպես Հայկական հարցը փակող հակառուսական-պանթուրանական նախագիծ: Այս ապօրինածին և գիշատիչ պետական կազմավորման անվանման հեղինակը թուրք է՝ Էնվերի եղբայր Նուրի փաշան, որի մտածածով Ադրբեջանը պետք է համախմբեր նաև Արաքսից հարավ ընկած Իրանական Ատրպատականի թյուրքախոսներին և դառնար օսմանների պլացդարմը՝ դեպի Կենտրոնական Ասիա և Պովոլժիե պանթուրանական թռիչքի համար:

Ռուսաստանում պետք է, որ լավ իմանային՝ 1918-ին, երբ տարածաշրջանում օսմաններին փոխարինեցին բրիտանացիները, անմիջապես որդեգրեցին ամիսներ առաջ թուրքերի ստեղծած բորենուն և, ինչպես թուրքերը, այնպես էլ բրիտանացիները՝ ամեն ինչ արեցին Արցախը Ադրբեջանի կազմ խցկելու համար: Բավական է հիշել միայն Զաբուղի ձորում Անդրանիկի զորաշարժը դեպի Արցախ կանգնեցնելն ու հայտնի հայակեր Խոսրով բեկ Սուլթանովին Ղարաբաղի նահանգապետ նշանակելը:

Ռուսաստանում պետք է, որ լավ իմանային՝ 1920-ի մայիսին, երբ 11-րդ Կարմիր բանակի սվիններով բոլշևիկների ԿովԲյուրոն խորհրդայնացրեց Բաքուն և որդեգրեց Էնվեր ու Նուրի փաշաների ստեղծած գիշատիչին, ոչինչ էլ չփոխվեց և հույսը, թե Ադրբեջանի միջոցով «մարքսիստական լույսը» կտարածվի Արևելքում, արագ հօդս ցնդեց:

Հետաքրքիրն այն է, որ հետխորհրդային տարածքում ամենաիսկական «АнтиРоссия»-ն ի սկզբանե եղել է ու կա Ադրբեջանը, որովհետև 1917-ին այն, ինչ նախագծել էր Կայզերական Գերմանիայի Գլխավոր շտաբը ՈՒկրաինայի մասով, այն չէր, ինչ ի դեմս Ադրբեջանի նախագծել էր օսմանների Կովկասյան բանակի հրամկազմը: «ՈՒկրաինա» նախագիծը գերմանացիների համար հանքահումքային գաղութ էր նախատեսում, իսկ թուրքերի, հետո նաև բրիտանացիների համար «Ադրբեջան» նախագիծը՝ Ռուսաստանը կազմաքանդելու, Ռուսաստանի ազդեցության գոտիները և բուն ռուսական տարածքները զավթելու գործիք:

Այս ծրագրային «software»-ից Ադրբեջանը չի հրաժարվել ու քանի դեռ կա այս տեսքով՝ չի հրաժարվելու: Ռուսաստանում պետք է, որ դասեր քաղած լինեին. մուսավաթականներ Մամեդ Էմին Ռասուլզադեի ու Խոսրով բեկ Սուլթանովի, բոլշևկիներ Նարիման Նարիմանովի ու Միր Ջաֆար Բաղիրովի, ԿԳԲ գեներալ Հեյդար Ալիևի ու նրա ՄԳԻՄՈ-ի շրջանավարտ որդի Իլհամ Ալիևի միջև տարբերություն չկա. նրանք Նուրի փաշայի նախագծած «Ադրբեջան» պրոյեկտի «software»-ը չեն փոխել ու չէին էլ կարող փոխել:

Գոնե հիմա Ռուսաստանում պետք է, որ եկած լինեն գիտակցմանը՝ «Ադրբեջան» նախագիծը զսպելը (էլ չասած՝ դեմոնտաժը) հնարավոր է միայն «Հայաստան-Արցախ-Սփյուռք», նույն ինքը՝ Հայկական հարց նախագծով: Բնության մեջ այլ նախագիծ ուղղակի չկա:

Բայց սա արդեն խոսակցություն է վաղվա Հայաստանի մասին, որովհետև այսօրվա Հայաստանի քաղաքական համակարգը (Ալիևի վեցնոցը վարչապետի աթոռին, ԱԺ-ում «սուր հարցեր տվող» և վեցնոցի վրա տոյոտաներ ծախող, ասֆալտի տենդեր շահող քոչարյանական ընդդիմություն) չի կարող և նպատակ էլ չունի զսպելու «Ադրբեջան» նախագիծը:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.

Այս տեքստի բանալի եզրույթը «պետք է որ» արտահայտությունն է:

Դիտվել է՝ 2624

Մեկնաբանություններ